Հոգեներգործուն փորձառություն

Ուղեցույց՝ հիմնված «Տիբեթյան մեռյալների գրքի» վրա․ հեղինակներ՝ Թիմոթի Լիրի, Ռալֆ Մեցներ, Ռիչարդ Ալփերթ (հատված)

Առաջին Բարդոյի ցուցումներ

Օ՜ (ճանապարհորդի անունը),
Ժամանակն է ձգտել իրականության նոր մակարդակների։
Քո էգոյի և (անվան) խաղը շուտով կավարտվի։
Շուտով դեմ առ դեմ կկանգնես Մաքուր լույսի հետ։
Շուտով կճանաչես այն իր իրականության մեջ։
Էգոյից ազատված վիճակում ամեն մի բան նման է դատարկությանն ու անամպ երկնքին։
Իսկ մերկացած մաքուր գիտակցությունը նման է թափանցիկ վակուումին։
Այս պահին ճանաչիր ինքդ քեզ և մնա այս վիճակում։

Օ՜ (ճանապարհորդի անունը),
Էգոյի մահ կոչվածը շուտով կգա քեզ մոտ։
Հիշիր.
Հիմա մահվան և վերածննդի ժամն է.
Օգտվիր այս ժամանակավոր մահից, որպեսզի հասնես կատարյալ վիճակին՝
Պայծառացմանը։
Կենտրոնացիր բոլոր կենդանի էակների ամբողջականության վրա։
Պահիր Մաքուր լույսը։
Օգտագործիր այն ըմբռնմանը և սիրուն հասնելու համար։

Եթե չես կարող պահպանել երանելի պայծառացումը և եթե սայթաքում ես հետ՝ դեպի արտաքին աշխարհ,
Հիշիր.
Հալյուցինացիաները, որոնք հիմա կվերապրես,
Տեսիլքները և ըմբռնումները,
Շատ բան կսովորեցնեն ինքդ քո և աշխարհի մասին։
Առօրյա ընկալման քողը կպատռվի քո աչքերից․
Հիշիր բոլոր կենդանի էակների ամբողջականության մասին։
Հիշիր Մաքուր լույսի երանությունը։
Թույլ տուր այն քեզ առաջնորդի այս փորձառության տեսիլքներով։
Թույլ տուր այն քեզ առաջնորդի քո գալիք նոր կյանքով։
Եթե շփոթված ես, հիշողությունիցդ կանչիր ընկերներիդ և քո ամենասիրելի մարդու ուժը։

Օ՜ (անունը),
Փորձիր հասնել Մաքուր լույսի փորձառությանը և պահել այն։
Հիշիր.
Լույսը կյանքի էներգիան է։
Կյանքի անմար կրակը։
Անընդհատ փոփոխվող, ալիքվող գույների քաոսը կարող է կուլ տալ քո տեսողությունը։
Սա էներգիայի անվերջ կերպարանափոխությունն է։
Կյանքի գործընթացը։
Մի վախեցիր դրանից։
Հանձնվիր դրան։
Միացիր դրան։
Այն քո մի մասն է։
Դու դրա մի մասն ես։
Հիշիր նաև.
Կյանքի էներգիայի անդադար հոսքից անդին՝
Դատարկությունն է։
Քո արթնացած գիտակցությունը, որը չունի ոչ մի ձև և գույն՝ բնույթով դատարկ է։
Այն եզրափակիչ Իրականությունն է։
Համընդհանուր Բարօրությունը։
Համընդհանուր Խաղաղությունը։
Լույսը։
Փայլը։
Շարժումը կյանքի կրակն է, որից մենք սկիզբ ենք առնում։
Միացիր դրան։
Այն քո մի մասն է։
Կյանքի լույսից անդին դատարկության խաղաղ լռությունն է։
Բոլոր կերպարանափոխություններից անդին հանգիստ երանությունն է։
Բուդդայի ժպիտը։
Դատարկությունը ոչնչությունը չէ։
Դատարկությունը սկիզբն է ու ավարտը։
Անարգել. շողացող, հուզիչ, երանելի։
Ադամանդե գիտակցությունը։
Ամենաբարո Բուդդան։
Քո սեփական գիտակցությունը՝ առանց որևէ ձևի,
Որևէ մտքի, որևէ տեսիլքի, որևէ գույնը, որը դատարկությունն է։
Շողացող և երանելի և լուռ գիտակցությունը՝
Ահա կատարյալ պայծառացման վիճակը։
Քո սեփական գիտակցությունը՝ շողացող, դատարկ և անբաժանելի գլխավոր լույսի սկզբնաղբյուրից, չունի ոչ ծնունդ, ոչ մահ։
Այն անլռելի լույսն է, որը Տիբեթում անվանում են Բուդդա Ամիտաբհա,
Անձև սկզբի գիտակցումը։
Սա իմանալը բավարար է։
Ճանաչիր քո սեփական գիտակցության դատարկությունը՝ նման Բուդդայի գիտակցությանը։
Պահիր այդ գիտակցումը և կպահպանես Բուդդայի աստվածային մտքի վիճակը։

Սկզբնական ցուցումներ երկրորդ Բարդոյի համար

Հիշիր.
Այս ընթացքում դու կվերապրես երեք Բարդոները՝
Էգոյից ազատվելու երեք վիճակները։
Առաջինը Իրականության մաքուր լույսն է։
Հաջորդը՝ երևակայական ու տարբեր խաղային հալյուցինացիաները։
Իսկ հետո դու կհասնես Նորամուտի վիճակին՝
Էգոյի վերադարձին։
Օ՜ ընկեր,
Դու գուցե վերապրես էգոյի տրանսցենդենտությունը՝
Հեռացումը քո նախկին եսից։
Բայց դու միակը չես։
Բոլորի հետ ինչ-որ պահի պատահում է դա։
Դու բախտավոր ես, քեզ ընծայվել է վերածնվելու այս փորձառությունը։
Մի կառչիր նախկին եսիդ քնքշությանն ու թուլությանը:
Նույնիսկ եթե կառչես քո բանականությանը, բավարար ուժ չես ունենա այն պահելու համար։
Ոչնչի չես հասնի՝ պատրանքներով լի այս աշխարհում տառապելով։
Մի կապվիր։
Թույլ մի զգա։
Ինչ վախ ու սարսափ էլ զգաս՝
Չմոռանաս այս բառերը։
Թող դրանք միշտ մնան քո սրտում։
Առաջ շարժվիր։
Այստեղ է ճանաչողության կենդանի գաղտնիքը։

Օ՜ ընկեր, հիշիր.
Երբ մարմինն ու միտքը բաժանվեն, դու կզգաս անբիծ ճշմարտության առկայծումը՝
Նրբին, փայլող ու պայծառ,
Շլացուցիչ, վեհաշուք և շողշողուն,
Գարնանային բնապատկերում շարժվող տեսիլքի նման։
Մեկ ընդհանուր թրթիռների հոսք։
Այդ պատճառով մի շփոթվիր,
Մի սարսափիր, մի երկյուղիր։
Դա քո սեփական էության փայլատակումն է։
Ճանաչիր այն։

Այդ փայլատակման ներսից
Հնչում է իրականության բնական ձայնը,
Որը նմանվում է միաժամանակ ճայթող հազարավոր ամպրոպների ձայնին։
Դա քո սեփական կյանքի գործընթացի բնական ձայնն է։
Այդ պատճառով մի շփոթվիր,
Մի սարսափիր, մի երկյուղիր։
Բավական է իմանալ, որ այս տեսիլքները քո սեփական մտքի ձևերն են։
Եթե չճանաչես քո մտքի ձևերը,
Եթե մոռանաս պատրաստվածությանդ մասին,
Լույսերը կշփոթեցնեն քեզ,
Ձայները կերկյուղեն քեզ,
Ճառագայթները կսարսափեցնեն քեզ,
Շրջապատիդ մարդիկ կխճճեն քեզ։
Հիշիր ուսմունքի բանալին։

Օ՜ ընկեր,
Այս տեսիլքները արտաքին աշխարհից չեն,
Նրանք գալիս են ներսիցդ և շողշողում են քեզ համար։
Հայտնությունները նույնպես այլ տեղից չեն գալիս.
Նրանք հավերժ գոյություն են ունեցել քո գիտակցության թաքստոցներում։
Իմացիր նրանց իրական բնույթը։
Տասը հազար տեսիլքների ժամանակ պայծառությանն ու անդորրին հասնելու բանալին մեկն է՝
Թուլացիր։
Ձուլվիր տեսիլքների հետ։
Երախտագիտորեն ընդունիր քո ստեղծարարության հրաշքները։
Մի կապվիր և մի վախեցիր,
Մի դյութվիր և մի վանիր։
Ամենակարևորը՝ ոչինչ մի արա տեսիլքների հետ,
Նրանք միայն քո ներսում են ապրում։

Ցուցումներ առաջին տեսիլքի համար. Սկզբնաղբյուրը

(աչքերը փակ, արտաքին գրգռիչները անտեսված են)
Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր.
Սերմի առկայծող էներգիան,
Որից ծագել են բոլոր կենդանի էակները,
Ճառագայթում է և պայքարում քո դեմ
Այնքան պայծառ լույսով, որ հազիվ կկարողանաս նայել նրան։
Մի վախեցիր։
Սա Սկզբնական էներգիան է, որը առկայծել է միլիարդավոր տարիներ՝
Միշտ արտահայտվելով տարբեր ձևերով։
Ընդունիր այն։
Մի փորձիր այն բացատրել։
Մի խաղա նրա հետ։
Միացիր նրան։
Թույլ տուր՝ հոսի միջովդ։
Կորցրու ինքդ քեզ նրա մեջ։
Ձուլվիր Ծիածանային լույսի լուսապսակին,
Մուտք գործիր էներգիայի պարի կենտրոնը։
Դարձիր Բուդդայի նման՝ լիառատ Կենտրոնական թագավորությունում։

Ցուցումներ ֆիզիկական ախտանիշների համար

Օ՜ ընկեր, ուշադիր լսիր.
Մարմնական ախտանիշները, որոնք հիմա զգում ես, թմրանյութից չեն։
Դրանք ցույց են տալիս, որ պայքարում ես այն զգացմունքների դեմ, որոնք գերազանցում են քո բնականոն փորձառությունը։
Դու չես կարող կառավարել այս համընդհանուր էներգիայի ալիքները։
Թույլ տուր զգացմունքները հալեցնեն շրջապատող ամեն ինչ։
Դարձիր նրանց մի մասը։
Թույլ տուր ինքդ քեզ բաբախել շրջապատի թրթիռների հետ։
Թուլացիր։
Մի պայքարիր։
Քո աշխտանիշները կանհետանան հենց էգոյի ջանքերը անհետանան։
Ընդունիր դրանք որպես մարմնիդ հաղորդագրություններ։
Ողջունիր դրանց։ Վայելիր դրանք։

Ցուցումներ երկրորդ տեսիլքի համար. Արքետիպային գործընթացների ներքին հոսքը

(աչքերը փակ, արտաքին գրգռիչները անտեսված են. իմացական կողմը)
Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր.
Կյանքի հոսքը սլանում է միջովդ։
Անբիծ ձևերի և ձայների անվերջ շրջապտույտ է։
Շլացուցիչ պայծառ,
Անընդհատ փոփոխվող։
Մի փորձիր կառավարել դա։
Հուսիր հետը։
Վերապրիր արարման և մարմնավորման հինավուրց տիեզերական առասպելները։
Մի փորձիր հասկանալ.
Հետո լիքը ժամանակ կունանաս։
Ձուլվիր հետը։
Թույլ տուր հոսի միջովդ։
Պետք չէ գործել կամ մտածել։
Քեզ տալիս են էվոլյուցիայի, արարման, վերարտադրման կարևոր դասերը։
Եթե փորձես կանգնեցնել հոսքը, կարող ես ընկնել դժոխային աշխարհներ և վերապրել քո սեփական բանականության ստեղծած անտանելի տառապանքները։
Խուսափիր խաղի ընհատումներից։
Խուսափիր մտածելուց, խոսելուց կամ գործելուց։
Պահպանիր հավատդ կյանքի հոսի նկատմամբ։
Վստահիր այս լողացող ճանապարհորդության քո ուղեկիցներին։
Ձուլվիր Ծիածանային լույսի մեջ,
Արարված ձևերի գետի սրտում։
Դարձիր Բուդդայի նման՝ Անասելի երջանկության թագավորությունում։

Ցուցումներ երրորդ տեսիլքի համար. Ներքին ամբողջականության հրե հոսքը

(աչքերը փակ, արտաքին գրգռիչները անտեսված են. զգացմունքային կողմը)
Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր.
Դու հոսում ես դուրս՝ դեպի կյանքի ամբողջականության հոսքը։
Օրգանական կրակի էքստազը հոսում է ամեն մի բջջով։
Քո էգոյի պինդ, չոր, փխրուն կեղևը լվացվում է,
Լվացվում է արարման անվերջ ծովում։
Հոսիր հետը։
Զգա արևի սրտի բաբախյունը։
Թող կարմիր Բուդդա Ամիտաբհան տանի քեզ առաջ։
Մի վախեցիր էքստազից։
Մի ընդդմիացիր հոսանքին։
Հիշիր, ցնծալից ամբողջ ուժը ներսից է բխում։
Արձակիր կապվածությունդ։
Ճանաչիր սեփական արյանդ իմաստությունը։
Վստահիր հոսանքի ուժին, որը քեզ քաշում է բոլոր կենդանի ձևերի ամբողջականության մեջ։
Թող սիրտդ սիրով բռնկվի կյանքի հանդեպ։
Մի կապվիր սքանչության ուժի հետ.
Այն ներսիցդ է բխում։
Թույլ տուր հոսի։
Մի փորձիր մնալ մարմնիդ հին վախերի հետ։
Թույլ տուր մարմինդ ձուլվի ջերմ հոսանքին։
Թույլ տուր արմատներդ սուզվեն կյանքի ջերմ մարմնի մեջ։
Ձուլվիր Բուդդա Ամիտաբհայի Փայլող սրտի հետ։
Լողա Ծիածանի ծովում։
Դարձիր Բուդդայի նման՝ Ցնծալից սեր անվանվող թագավորությունում։

Ցուցումներ չորրորդ տեսիլքի համար. Արտաքին ձևերի թրթռալիքային կառուցվածքը

(աչքերը բաց են, դիտավորյալ միջամտություն արտաքին տեսողական գրգռիչների հետ, իմացական կողմը)
Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր.
Այս պահին դու կարող ես գիտակցել շրջապատող աշխարհիդ ալիքային կառուցվածքը։
Ամենն` ինչ տեսնում ես, տարալուծվում է էներգիայի թրթիռներում։
Ուշադիր նայիր և կնկատես էներգիայի էլեկտական պարը։
Չկան այլևս առարկաներ և մարդիկ, միայն մասնիկների ուղղորդված հոսքն է, որ կա։
Գիտակցությունը շուտով կլքի մարմինդ և կլցվի ալիքների ռիթմի հոսանքի մեջ։
Պետք չէ խոսել կամ գործել։
Թող ուղեղդ որսա ճառագայթումը։
Բոլոր մեկնաբանությունները գիտակցությանդ արդյունքն են։
Ցրիր դրանք։ Մի վախեցիր։
Հրճվիր ուղեղիդ բնական այս ուժով։
Սեփական էլեկտրականության իմաստությամբ։
Պահպանիր հանգստության վիճակդ։
Քանի որ եռաչափ աշխարհը մասնատվում է, հնարավոր է խուճապի մատնվես.
Հնարավոր է քնքշություն զգաս ծանր ու հիմար իրերի աշխարհի հանդեպ, որը լքում ես։
Այդ պահին մի վախեցիր թափանցիկ, ճառագայթող, շլացուցիչ էներգիայի ալիքից։
Թույլ տուր գիտակցությունդ խաղաղվի։
Մի վախեցիր կյանքի լույսի ձգող ճառագայթներից,
Մատերիայի հիմնական կառուցվածքից,
Ալիքային հաղորդակցման հիմնական ձևից։
Հետևիր հանգիստ և ընդունիր հաղորդագրությունը։
Այժմ կվերապրես սկզբնական ձևերը հայտնությունը։

Ցուցումներ հինգերորդ տեսիլքի համար. Արտաքին ամբողջականության տատնողական ալիքները

(աչքերը բաց են, դիտավորյալ միջամտություն այնպիսի արտաքին գրգռիչների հետ, ինչպիսին են լույսերը կամ շարժումները. զգայական կողմը)
Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր.
Այժմ վերապրում ես բոլոր կենդանի ձևերի ամբողջականությունը։
Եթե մարդիկ արհեստական և անկյանք թվան, ինչպես պլաստիկից տիկնիկներ,
Մի վախեցիր։
Դա ընդամենը էգոյի փորձն է պահպանել սեփական ինքնությունը։
Թույլ տուր ինքդ քեզ զգալ ամեն ինչի ամբողջականությունը։
Ձուլվիր շրջապատող աշխարհիդ։
Մի վախեցիր։
Վայելիր տիկնիկների պարը։
Դա ստեղծել է քո գիտակցությունը։
Թույլ տուր ինքդ քեզ թուլանալ և զգալ էներգիայի սքանչելի թրթիռները, որոնք բաբախում են քո միջով։
Վայելիր ամբողջ կյանքի և ամբողջ մատերիայի հետ ունեցածդ կատարյալ ամբողջականության զգացումը։
Առկայծող ճառագայթումը սեփական գիտակցությանդ արտացոլանքն է։
Դա քո աստվածային բնույթի մի կողմն է։
Մի կապվիր հին մարդկային եսիդ։
Մի տագնապիր այս նոր և տարօրինակ զգացումից։
Եթե կապված մնաս հին եսիդ,
Կվերածնվես գոյություն խաղի ևս մի խաղափուլում։
Պահպանիր համեստ վստահություն և մնա անվախ։
Դու կձուլվես Օրհնյալ Ռատնասամբհավայի սրտին,
Ծիածանային լույսի լուսապսակում,
Եվ ազատություն ձեռք կբերես Փառքով օժտված թագավորությունում։

Ցուցումներ վեցերորդ տեսիլքի համար. Աչքի ցանցաթաղանթի կրկեսը

Օ՜ ազնվածին, լավ լսիր.
Դու հիմա ականատես ես դառնում ձևերի կախարդական պարին։
Շուրջբոլորդ լցվում է սքանչելի գեղադիտական նախշերով։
Բոլոր հնարավոր պատկերները կենդանանում են աչքերիդ առաջ։
Սա ցանցաթաղանթի կրկեսն է։
Տարրերի անդադար խաղը.
Հողը, ջուրը, օդը, կրակը,
Անընդհատ փոփոխվող ձևերով և արտահայտումներով,
Առկայծում են շուրջ իրենց բարդությամբ և բազմազանությամբ։
Թուլացիր և վայելիր այդ սրընթաց հոսանքը։
Մի կապվիր ոչ մի տեսիլքի կամ բացահայտման։
Թող ամեն ինչ լողա միջովդ։
Եթե տհաճ վերապրումները գան,
Թող դրանք հեռանան նույնպես։
Մի պայքարիր նրանց դեմ։
Ամեն ինչ քո ներսից է գալիս։
Խաղաղվիր և վայելիր հորդացող հոսքը։
Մի կապվիր որևէ տեսիլքի կամ հայտնության հետ։
Թող ամեն ինչ հոսի միջովդ։
Եթե տհաճ զգացողությունները գան,
Թող դրանք մյուսների պես հեռանան։
Մի պայքարիր դրանց դեմ։
Ամեն ինչ քո ներսից է գալիս։
Դա գլխուղեղի ուժի և ստեղծարարության մեծագույն դասն է, որ արձակվում է գլխուղեղի կառույցներից։
Թույլ տուր՝ պատկերների ու կապերի հաջորդականությունը քեզ տանի այնտեղ, որտեղ պետք է։
Հանգիստ մեդիտացիա արա այն գիտելիքի վրա, որ այս տեսիլքները քո գիտակցության արտահայտումն են։
Այս կերպ դու ձեռք կբերես ինքնագիտելիքը և կազատագրվես։

Ցուցումներ յոթերորդ տեսիլքի համար․ Կախարդական կրկեսը

Օ՜ ազնվածին, լավ լսիր․
Դու այժմ հերոսների և դևերի կախարդական կրկեսում ես։
Առասպելական մարդը ուրվագծվում է։
Դևերը, աստվածուհիները, տիեզերական մարտիկները, հսկաները,
Հրեշտակները, Բոդիսաթվաները, թզուկները, խաչակիրները,
Էլֆերը, չարքերը, սրբերը և կախարդները,
Դժոխքի ոգիները, գոբլինները, ասպետները և կայսրերը։
Պարի Տեր-լոտուսը։
Իմաստուն ծեր մարդը։ Աստվածային մանուկը։
Խաբեբան, Կերպարանափոխվողը։
Հրեշներ ընտելացնողը։
Աստվածամայրը, վհուկը։
Լուսնարքան։ Թափառողը։
Մարդու գիտելիքի ամենավերին բարձրունքները ներկայացնող բոլոր կերպարների աստվածային թատրոնը։
Մի վախեցիր նրանցից։
Նրանք քո ներսում են։
Քո ստեղծարար միտքը նրանց բոլորի գերագույն մոգն է։
Ընդունիր կերպարները որպես քո եսի կերպարանքներ։
Ամբողջ ֆանտաստիկ կատակերգությունը քո ներսում է ընթանում։
Մի կապվիր կերպարների հետ։
Հիշիր ուսմունքները։
Դու դեռ կհասնես ազատագրման։

Ցուցումներ ցասումնալից տեսիլքների համար

Օ՜ ազնվածին, ուշադիր լսիր․
Դու չկարողացար պահպանել Առաջին Բարդոյի կատարյալ Մաքուր լույսը։
Կամ Երկրորդի ջինջ ու խաղաղ տեսիլքները։
Դու մուտք ես գործում Երկրորդ Բարդոյի մղձավանջների մեջ։
Ճանաչիր դրանք։
Դրանք քո տեսանելի և լսելի դարձած մտաձևերն են։
Դրանք քո սեփական բանականության արտադրանքն են դժվար իրավիճակում։
Դրանք նշանակում են, որ դու մոտ ես ազատագրմանը։
Մի վախեցիր դրանցից։
Այս հալյուցինացիաները ոչ մի վտանգ չեն կրում։
Դրանք քո սեփական մտքերի վախեցնող կերպն են։
Դրանք հին ընկերներ են։
Ողջունիր դրանց։ Ձուլվիր հետը։
Կորցրու քեզ դրանց մեջ։
Դրանք քոնն են։
Ինչ էլ տեսնես, անկախ նրանից, թե որքան տարօրինակ են կամ սարսափեցնող,
Նախևառաջ հիշիր, որ դրանք գալիս են քո ներսից։
Մտապահիր այդ գիտելիքը։
Հենց ճանաչես դրանց՝ կազատագրվես։
Եթե չճանաչես դրանց,
Կմատնվես տանջանքի և պատժի։
Բայց սրանք ոչ այլ ինչ են, քան քո մտքի ճառագայթումները։
Դրանք աննյութական են։
Դատարկությունը չի կարող վնասել դատարկությանը։
Ցասումնալից կամ խաղաղ տեսիլքներից ոչ մեկը,
Արյունախում դևերը, սարքերի, հրեշները կամ դևերը,
Գոյություն չունեն իրականում
Միայն քո գանգում։
Սա կցրի քո վախը։ Լավ հիշիր։