Ցավի մասին

Խալիլ Ջեբրան, «Մարգարեն», 1883-1931

Եվ մի կին խոսեց՝ ասելով. — Պատմիր մեզ Ցավի մասին։
Եվ նա ասաց․
— Ցավը ձեր հասկացողությունը պարփակող խեցու կոտրվելն է։
Ինչպես մրգի կորիզն է կոտրվում, որ սիրտը կարողանա կանգնել արևի տակ, այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը։
Եվ եթե կարողանայիք հմայված պահել ձեր սիրտը ձեր կյանքի ամենօրյա հրաշքներից՝ ձեր ցավը ձեր ուրախությունից պակաս սքանչելի չէր լինի։
Եվ կընդունեիք ձեր սրտի եղանակները այնպես, ինչպես միշտ ընդունել եք ձեր դաշտերով անցնող եղանակները։
Եվ խաղաղությամբ կդիտեիք ձեր վշտի ձմեռները։

Ձեր ցավի մեծ մասը դուք ինքներդ եք ընտրել։
Դա այն դառը դեղն է, որով ձեր ներսի բժիշկը բուժում է ձեր հիվանդ էությունը։
Ուստի, վստահեք բժշկին և խմեք նրա դարմանը լռության և հանգստության մեջ։
Քանի որ նրա ձեռքը, թեև ծանր ու դժվար, ուղղորդվում է Աներևույթի քնքուշ ձեռքով։
Եվ բաժակը, որ նա մոտեցնում է, թեև այրում է ձեր շուրթերը, բայց պատրաստված է այն կավից, որը Բրուտը թրջել է Իր իսկ սուրբ արցունքներով։