Վերջն ու սկիզբը

Վիսլավա Շիմբորսկա, թարգմ. լեհերենից (հմմտ. անգլ., ռուս.)` Տաթև Չախեան

Ամեն պատերազմից հետո
ինչ-որ մեկը պիտի
շուրջը կարգի բերի: Ի վերջո,
թափվածն ինքնուրույն չի հավաքվում:

Ինչ-որ մեկը պիտի
ճամփի մեջտեղից քարերը հրի,
որ դիակառքերի ճամփան բացվի:

Ինչ-որ մեկը պիտի քարշ գա
ցեխ ու մոխրի միջով,
ջրափոսերի, բզկտված բազմոցների,
ապակու կտորտանքի,
արյունոտ լաթերի:

Ինչ-որ մեկը պիտի քարշ տա
գերաններն ու հենի պատին,
ինչ-որ մեկը պիտի ամրացնի ապակին,
դուռը տեղը գցի:

Նկարելու արժանի ոչ մի տեսարան
ու այսպես տարիներ.
ֆոտոխցիկները գնացել են ուրիշ պատերազմներ:

Կամուրջները պիտի նորոգվեն,
կայարաններն էլ…
Թևքերը քշտելուց կմաշվեն:

Ցախավելով ինչ-որ մեկը
դեռ հիշում է իր գործը,
մյուսը լսում է, գլխով անում,
իսկ ուրիշները պարզապես
ձանձրանում են մոտակայքում:

Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը պիտի
թփի տակի ժանգոտ փաստարկները քանդի
ու գցի աղբը:

Նրանք, որ գիտեին ինչի մասին է խոսքը,
պիտի հեռու մնան նրանցից, որ գլխի են ընկնում,
կամ ենթադրում են,
կամ բան էլ չեն հասկանում:

Ինչ-որ մեկը պիտի պառկի
պատճառի ու հետևանքի վրա աճած խոտերին
ու շյուղն ատամների արանքում
ամպերին նայելով երազի: