«Փոքր ապոկրիֆը»

հատված Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպից, թարգմ․՝ Մ․ Գրոխոլսկա, Վ․ Վասիլյան

…Մենք ճանապարհ ենք ընկնում տիեզերք՝ արդեն պատրաստ կրելու ամեն ինչ․ այսինքն մենք պատրաստ ենք մնալու մեն-մենակ, պայքարելու, տառապելու և մեռնելու։ Համեստությունից դրդված մենք բարձրաձայն չենք ասում, բայց մտածում ենք, թե ինչ սքանչելի մարդիկ ենք մենք։ Դա կեղծիք է․ պարզվում է, որ իրականում մեր պատրաստակամությունը լոկ մի կեցվածք է, ձևականություն։ մենք բնավ էլ չենք ցանկանում տիեզերքը նվաճել, մենք ուզում ենք միայն տիեզերքում ընդարձակել Երկրի ոլորտները։ Որոշ մոլորակներ Սահարայի նման ամայի են, մյուսները ծածկված են սառույցներով՝ ինչպես մեր բևեռները կամ էլ ջերմ են բրազիլական ջունգլիների պես։ Մենք մարդասեր ենք, մենք ազնիվ ենք, մենք չենք ցանկանում հպատակել այլ ցեղեր․ ուզում ենք միայն նրանց հաղորդել մեր ստեղծած արժեքները և դրա փոխարենն ընդունել նրանց ժառանգությունը։ Մենք մեզ համարում ենք սրբազան Շփումի ասպետները։ Սա երկրորդ կեղծիքն է։ Մարդկանցից բացի ուրիշ ոչ մի բան չենք փնտրում։ Մեզ ուրիշ աշխարհներ պետք չեն։ Մեզ հայելի է պետք։ Մենք չգիտենք ինչ անենք այլ աշխարհների հետ։ Բավական է և մերը՝ միակը։ Եվ հենց նա է, որ իր ճնշման տակ է պահում մեզ։ Մենք ուզում ենք գտնել մեր սեփական իդեալականացած կերպարը․ այդ աշխարհը պետք է լինի մերինից ավելի կատարյալ քաղաքակրթություն ունեցող մի աշխարհ։ Այլ մոլորակներում հույս ունենք գտնելու մեր սեփական պարզունակ անցյալի պատկերը։ Միաժամանակ գոյություն ունի ինչ-որ բան, որը մենք չենք ընդունում, որից պաշտպանվում ենք։ Բայց ախր գալով այստեղ, մենք Երկրից մեզ հետ հո միայն առաքինությունների թորվա՞ծք չենք բերել, ոչ էլ միայն Մարդու հերոսական մտադրությունները։ Տեղ ենք հասել հենց այնպես՝ ինչպես որ կանք իրականում, և երբ այն մյուս կողմն այդ իրականությունը ցույց է տալիս մեզ, ցույց է տալիս նրա այն մասը, որը լռության ենք մատնում՝ մենք չենք կարողանում հաշտվել դրա հետ։

— Բայց ի՞նչ բան է դա,— հարցրեցի ես՝ համբերությամբ մինչև վերջ լսելով նրան։

— Ինչ ցանկանում էինք՝ շփում ուրիշ քաղաքակրթության հետ, մենք հաստատել ենք այդ շփումը։ Դա մեր սեփական հրեշավոր այլանդակությունն է՝ կարծես խոշորացրած մանրադիտակով։ Մեր խեղկատակությունն է և խայտառակությունը։

Նրա ձայնը կատաղությունից դողում էր։