Մանկության բացասական հիշողությունները

հատված Մարք Ուոլինի «Քեզնից չի սկսել․ ինչպես է ժառանգված ընտանեկան տրավման դարձնում մեզ այնպիսին ինչպես կանք և ինչպես վերջ դնել այս ցիկլին» գրքից

Մեզնից շատերը չեն կարողանում տեսնել մանկության ցավոտ պատկերներից անդին և ընդունակ չեն վերհիշել մեզ հետ տեղի ունեցած դրական բաները։ Փոքր ժամանակ մենք վերապրել ենք և՛ հարմարավետ, և՛ անհանգստացնող պահեր։ Բայց հարմարավետ պահերի հիշողությունները, երբ մեր մայրը իր գրկում կերակրում էր մեզ, մաքրում մեր տակը, քնացնում մեզ՝ հաճախ արգելափակված են։ Փոխարենը՝ մենք կարծես վերհիշում ենք միայն ցավոտ հիշողությունները՝ մեր ուզածը չունենալու և բավարար սեր չստանալու մասին։

Սա իր պատճառն ունի։ Անվտանգության ու ապահովության վտանգի զգացման դեպքում, փոքր երեխաների մարմնում ակտիվանում են պաշտպանական մեխանիզմները։ Այս անգիտակցական պաշտպանական մեխանիզմները հետագայում դառնում են մեր կանխադրված վիճակը՝ ուղղելով մեր ուշադրությունը դեպի դժվարն ու անհանգստացնողը՝ հարմարավետ պահերը գրանցելու փոխարեն։ Կարծես՝ մեր դրական հիշողությունները ապրում են պատի մյուս կողմում և անհասանելի են մեզ համար։ Պատի միայն մի կողմում ապրելու պատճառով մենք անկեղծորեն կարծում ենք, թե ոչ մի լավ բան մեզ հետ չի պատահել։

Մենք կարծես վերաշարադրել ենք պատմությունը՝ պահելով միայն այն հիշողությունները, որոնք աջակցում են մեր նախնական պաշտպանական կառույցին․ պաշտպանական այն մեխանիզմներին, որոնք այնքան երկար են մեզ հետ եղել, որ դարձել են մեր մի մասը։ Մեր կանգնեցրած անգիտակցական բարիկադների տակ թաքնվում է ծնողների կողմից սիրված լինելու խորը ցանկությունը, չնայած որ մեզնից շատերի համար այս զգացումներն արդեն անհասանելի են։ Եթե մենք վերհիշեինք մեր ծնողների հետ անցկացրած սիրառատ և քնքուշ պահերը, մենք կդառնայինք խոցելի և նորից ցավ զգալու ռիսկի առաջ կկանգնեինք։ Այսպիսով, այն հիշողությունները, որ կարող էին մեզ ամոքել, նաև նրանք են, որոնց մենք անգիտակցորեն արգելափակում ենք։

Էվոլյուցիոն կենսաբանները աջակցում են այս ենթադրությանը։ Նրանք նկարագրում են, թե ինչպես է մեր նշաձև կորիզը օգտագործում իր նեյրոնների երկու երրորդը՝ միայն սպառնալիքների նույնականացման համար։ Արդյունքում, ցավոտ և սարսափեցնող իրադարձություններն ավելի հեշտ են պահպանվում մեր երկարատև հիշողության մեջ, քան հաճելիները։ Գիտնականներն այս կանխադրված մեխանիզմն գոյատևումը անվանում են «բացասական կողմնակալություն», որը լրիվ տրամաբանական է։ Մեր գոյատևումը անմիջականորեն կախված է հնարավոր սպառնալիքները բացահայտելու կարողությունից։ «Բացասական փորձառության համար մեր գլխուղեղը կարծես վելկրո լինի, իսկ դրական փորձառությունների համար՝ տեֆլոն»,— ասում է նյարդահոգեբան Ռիք Հանիսոնը։