Յոբի գիրք

38

1 Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց.
2 Ո՞վ է գա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։
3 Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։
4 Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։
5 Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։
6 Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.
7 Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։
8 Եւ ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից.
9 Երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր.
10 Եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի.
11 Եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չանցնես. Այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները։
12 Քո օրերումը երբէք մէկ առաւօտի հրամայե՞լ ես, ցոյց տուե՞լ ես արշալուսին իր տեղը,
13 Որ բռնէ երկրի ծայրերը. Եւ թօթափուին անզգամները նորանից։
14 Որ նա փոխուի ինչպէս կնիքի կաւը, եւ բաները ներկայանան իբրեւ զգեստաւորուած.
15 Եւ ամբարիշտներիցն արգելուի իրանց լոյսը եւ բարձր բազուկը կոտրուի։
16 Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես.
17 Արդեօք բացուե՞լ են քո առաջին մահուան դռները, եւ մահուան ստուերի մէջ դռները տեսե՞լ ես։
18 Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. Ասիր, եթէ գիտես ամենը։
19 Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը.
20 Որ դու նորան տանէիր իր սահմանը, եւ գիտենայիր նորա տան շաւիղները։
21 Դու գիտե՜ս, որովհետեւ այն ժամանակին ծնուեցիր, եւ քո օրերի թիւը շա՜տ է։
22 Արդեօք գնացե՞լ ես ձիւնի շտեմարանները, եւ կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես.
23 Որ ես պահել եմ նեղութեան ժամանակի համար, կռիւի եւ պատերազմի օրուան համար։
24 Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է, տարածվում է արեւելեան քամին՝ երկրի վերայ։
25 Ո՞վ է հեղեղների համար անցք բանում, եւ ճանապարհ՝ որոտմանց փայլակի համար.
26 Որ անձրեւ գայ անմարդաբնակ երկրի վերայ, անապատումը՝ ուր որ մարդ չկայ,
27 Որ ամայի եւ ամայացուած տեղերը կշտացնէ, եւ որ դալար խոտ բուսցնէ։
28 Անձրեւը հայր ունի՞ արդեօք, կամ ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը։
29 Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է։
30 Ջուրերը պնդանում են քարի պէս, եւ անդունդի երեսը սառչում է։
31 Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել, կամ Հայկի կշկուռները՝ բանալ։
32 Կհանե՞ս Կենդանակերպերն իրանց ժամանակին, եւ Արջն իր զաւակների հետ կառաջնորդե՞ս.
33 Գիտե՞ս երկնքի կանոնները, կամ դո՞ւ ես դնում նորա իշխանութիւնը երկրի վերայ։
34 Կարո՞ղ ես ձայնդ բարձրացնել ամպերին, որ մի ջրհեղեղ քեզ ծածկէ.
35 Կայծակներ ուղարկել որ գնան, եւ քեզ ասեն. Ահա այստեղ ենք։
36 Ո՞վ դրաւ երիկամունքներում իմաստութիւն, կամ սրտին ո՞վ տուաւ հանճար։
37 Ո՞վ է համարում ամպերն իմաստութեամբ, եւ երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
38 Երբոր փոշին ձուլածոյ է ձուլվում, եւ հողի կոշտերը իրար են կպչում։
39 Կարո՞ղ ես առիւծի համար աւար որսալ, եւ կորիւնների ախորժակը կշտացնել,
40 Երբոր նորանք կուճ են գալիս այրերումը եւ դարան նստում որջերումը։
41 Ո՞վ է ագռաւի համար նորա որսը պատրաստում, երբոր նորա ձագերն աղաղակում են առ Աստուած, եւ թափառում առանց ուտեստի։

39

1 Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2 Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,
3 Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։
4 Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։
5 Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6 Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.
7 Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.
8 Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։
9 Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամթէ կօթեւանէ՞ քո մսուրի մօտ.
10 Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կտափանէ՞ խորտ ու բորտերը։
11 Կվստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կյանձնե՞ս։
12 Կհաւատա՞ս նորան թէ քո ցանածը կբերէ, եւ քո կալը կժողովէ։
13 Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։
14 Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։
15 Եւ մոռանում է որ մի ոտք կկոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կանեն։
16 Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չունի։
17 Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։
18 Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։
19 Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։
20 Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։
21 Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։
22 Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։
23 Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։
24 Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։
25 Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։
26 Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։
27 Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։
28 Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։
29 Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։
30 Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։

40

1 Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
2 Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
3 Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
4 Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5 Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
6 Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
7 Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
8 Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
9 Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
10 Մէկ զրդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
11 Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
12 Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
13 Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
14 Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
15 Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
16 Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
17 Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
18 Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
19 Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կմօտեցնէ նորան իր սուրը։
20 Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
21 Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
22 նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
23 Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
24 Նորա աչքի առաջին նա կբռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։

41

1 Կարո՞ղ ես կարթով բռնել Լեւիաթանին, եւ նորա լեզուն չուանով քաշել։
2 Կարո՞ղ ես նորա քթովը եղէգ անցկացնել, եւ նորա ծնօտը մախաթով ծակել։
3 Մի՞թէ քեզ շատ աղաչանքներ կանէ նա, կամ կակուղ խօսքեր կխօսէ՞ քեզ հետ։
4 Մի՞թէ նա քեզ հետ դաշինք կդնէ. Կարո՞ղ ես նորան մշտակայ ծառայ շինել։
5 Մի՞թէ կարող ես նորա հետ խաղալ ինչպէս թռչնիկի հետ, եւ նորան կապել քո աղջկերանց համար։
6 Ձկնորսների ընկերները կարո՞ղ են նորանով առեւտուր անել, և նորան բաժանել՝ վաճառականների մէջտեղը։
7 Կարո՞ղ ես լցնել նորա մորթին սլաքներով, եւ ձկնորսի տէգերով նորա գլուխը։
8 Ձեռքդ դիր վերան, և իսկոյն յիշիր պատերազմ. Միւսանգամ չես անիլ։
9 Տես՝ մարդիս յոյսը դարտակ է մնում, արդէն միայն նորա տեսքովը կործանվում է։
10 Մի այնպիսի յանդուգն չկայ, որ նորան գրգռէ. Ուրեմն ո՞վ է նա որ իմ առաջին կանգնէ.
11 Ո՞վ է առաջ ինձ մի բան տուել որ ես նորան վճարեմ, բոլոր երկնքի տակինը իմն է։
12 Ես չեմ լռիլ նորա անդամների մասին, նաեւ նորա զօրութեան ու գեղեցիկ կարգաւորութեան մասին։
13 Ո՞վ է կարող բանալ նորա զգեստի երեսը, նորա զոյգ կզակների մէջն ո՞վ կմտնէ։
14 Նորա երեսի դռները ո՞վ է կարող բանալ. Նորա ակռաների շուրջը երկիւղ կայ։
15 Նորա վահանների ամրութիւնը իր խրոխտութիւնն է. Կպուած են՝ պինդ կնքուած.
16 Այնպէս փակած է մէկը միւսին, որ քամի էլ չի անցնիլ նորանց միջովը.
17 Մէկզմէկու կցուած են, իրար բռնած են եւ իրարից չեն բաժանուիլ։
18 Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։
19 Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։
20 Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,
21 Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։
22 Նորա պարանոցումը ոյժ է բնակվում, եւ նորա առաջից փախչում է երկիւղը։
23 Նորա ծալծալոտուած մսերը փակած են, ձուլուած են նորա վերայ անշարժ։
24 Սիրտը ձուլուած է քարի նման, եւ կարծես թէ տակի ջաղացաքարի պէս ձուլուած է։
25 Նա վեր կենալիս դողում են զօրաւորները, սարսափից շփոթվում են։
26 Նորան հասնող սուրը չի դիմանալ, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
27 Երկաթը նա յարդ է համարում. Պղինձը՝ փտած փայտի պէս։
28 Աղեղնաւորը նորան չի փախցնիլ, պարսաքարերը նորա համար մղեղ են դառնում։
29 Թակը դարմանի պէս է համարում. Ծաղր է անում տէգի ճօճալի վերայ.
30 Նորա տակին սրածայր խեցիներ կան. Կամնասայլ է փռում ցեխի վերայ։
31 Անդունդը եռացնում է սանի պէս, եւ ծովը եփող սպեղանիքի է դարձնում։
32 Ետեւիցը ճանապարհը լոյսի է տալիս, անդունդը սպիտակած մազի պէս է երեւում։
33 Երկրիս վերայ նորա նմանը չկայ, նա աներկիւղ է ստեղծուել։
34 Նա նայում է բոլոր բարձրութեան վերայ. Նա բոլոր հպարտութեան որդկանց վերայ թագաւոր է։